ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Երեխայի հանդեպ բռնությունը համընդհանուր խնդիր է: Միջազգային նորմերով այն գնահատվում է որպես երեխաների հիմնական իրավունքների և ազատությունների խախտում: Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի 19-րդ հոդվածը երաշխավորում է երեխաների պաշտպանությունը բռնություններից ու չարաշահումներից: Երեխայի պաշտպանության ապահովումը համարվում է պետության հիմնական պարտականություններից մեկը: Պետության կողմից դեռևս լիարժեք սահմանված չեն բռնության երևույթի գնահատման չափանիշները, բացակայում է բռնության դրսևորման ձևերի, տարածվածության մասին տեղեկատվությունը, գործուն չեն իրավասու մարմինների համակարգված և փոխհամաձայնեցված արձագանքման մեխանիզմները: Բացակայում են բռնության ենթարկված երեխաների վերականգնողական ծառայությունները և երևույթի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, ձևավորված չէ նաև հասարակության կողմից երևույթի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը: 
 
Համաձայն Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության (2015-16 թթ.)՝ 1-14 տարեկան տասը երեխայից յոթը հետազոտությանը նախորդող 30 օրերի ընթացքում ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի: Հոգեբանական ագրեսիան ավելի տարածված է, քան ֆիզիկականը: Երեխաների երկու երրորդից ավելին (65 տոկոս) ենթարկվել է հոգեբանական ագրեսիայի, իսկ 38 տոկոսը՝ ֆիզիկական պատժի որևէ տեսակի: Երեխաների 4 տոկոսը ենթարկվել է ֆիզիկական խիստ պատժի: Բռնի մեթոդները գրեթե հավասարապես կիրառվել են թե՛ աղջիկների (67 տոկոս), թե՛ տղաների (71 տոկոս) նկատմամբ: Վաղ տարիքի երեխաների նկատմամբ բռնություն կիրառվել է ավելի հազվադեպ, քան 3-14 տարեկան երեխաների նկատմամբ: Այնուամենայնիվ, մեկ և երկու տարեկան երեխաների գրեթե կեսի նկատմամբ կիրառվել է դաստիարակության որևէ բռնի մեթոդ:
 
Դաստիարակության բռնի մեթոդները գրեթե նույն կերպով տարածված են քաղաքային (68 տոկոս) և գյուղական (71 տոկոս) բնակավայրերի երեխաների շրջանում: Սյունիքի և Վայոց ձորի մարզերի երեխաներն ամենաքիչն են ենթարկվել դաստիարակության որևէ բռնի մեթոդի (համապատասխանաբար 56 և 59 տոկոս): Եվ հակառակը, Արագածոտնի և Լոռու մարզերի տասը երեխաներից մոտ ութի նկատմամբ կիրառվել է որևէ բռնի մեթոդ:
 
2015 թվականին Վորլդ Վիժն Հայաստանի կողմից անցկացված Երեխաների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակի նախնական գնահատման արդյունքում պարզվել է, որ ծնողների 74.7%-ը վերջին մեկ ամսվա ընթացքում որպես պատժի ձև երեխաների նկատմամբ կիրառել է ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն: Ֆիզիկական բռնություն կիրառել է 39.7%-ը: Նույն ծնողների 67.4%-ը կարծում է, որ ֆիզիկական բռնության կիրառումը դաստիարակության արդյունավետ մեթոդ չէ, և միայն 8%-ն է կարծում, որ ֆիզիկական պատիժը դաստիարակության արդյունավետ  միջոց է: 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից Երեխայի հանդեպ բռնության վերաբերյալ հետազոտության մասնակիցների 44%-ը համարում է, որ մեր հասարակության մեջ երեխաների նկատմամբ բռնությունն այն խնդիրներից է, որը հրատապ լուծում է պահանջում: Իսկ ըստ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության, Վորլդ Վիժն Հայաստանի և ՀՀ ՄԻՊ գրասենյակի կողմից իրականացված  «Երիտասարդ ձայներ 2017» հետազոտության տվյալների՝ հարցված երեխաների 84%-ը համարում է, որ Հայաստանում պետք է ավելի մեծ ջանքեր գործադրվեն բուլինգը կանխելու համար, իսկ 43%-ն առնվազն 1-5 անգամ դպրոցում բուլինգի ականատես է եղել։ 
 
 
2016 թվականին անցկացված Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի ազգային հետազոտության համաձայն՝ վերջին 12 ամսվա ընթացքում առնվազն  2 անգամ ֆիզիկական կռիվների մասնակցել է  11-15  տարեկան տղաների 27% և աղջիկների 6%-ը, իսկ 15-17 տարեկան տղաների 52%-ը:
 
 
Վերլուծությունների արդյունքում որպես երեխաների հանդեպ բռնության հիմնական պատճառների համախմբերը՝ առանձնացվել են հետևյալները.
 
Օրենսդրական բացեր և օրենքի չկիրարկում
Հասարակական կարծրատիպեր, նորմեր, արժեքներ
Ոչ ապահով միջավայր
Ընտանիքում ճգնաժամային իրավիճակ
Ծանր տնտեսական վիճակ
Երեխաների պաշտպանության համակարգի անկատարություն
Երեխաների և ծնողների շրջանում կյանքի հմտությունների պակաս
 
 
Երեխաների հանդեպ բռնության խնդիրն անհրաժեշտ է դիտարկել որպես համալիր սոցիալական խնդիր և ըստ այդմ՝ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ոչ միայն դրա հետևանքների վերացման, այլ նաև կանխարգելման ուղղությամբ: