ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Արմավիրի մարզում 1-ամյա երեխայի մահվան վերաբերյալ

    2018-10-03


    Սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզում Ռ.Մ.-ն ծեծի է ենթարկել կնոջն ու 1-ամյա երեխային, որի արդյունքում երեխան մահացել է։ Քրեական գործի քննությունը լույս կսփռի դեպքի մանրամասների վրա, սակայն մեկ բան ակնհայտ է՝ ընտանեկան բռնությունը սպառնում է ընտանիքի առավել անպաշտպան անդամներին, և դրա ողբերգական հետևանքների կանխարգելումը պետք է դառնա պետության սոցիալ-իրավական քաղաքականության գերակայող առաջնահերթություն։ Համայնքի ոստիկանության ծառայողը պարտավոր է քննել ընտանեկան բռնության մասին ցանկացա՛ծ հաղորդում։ Նույն կերպ և տարածքային սոցիալական մարմնի աշխատողի պարտավորությունն է բացատրական աշխատանքներ տանել բռնության կողմերի միջև և դրա կրկնության դեպքում անհապաղ տեղյակ պահել իրավապահ մարմիններին։ Չէ՞ որ որքան վաղ հայտնաբերվի և կանխարգելվի ընտանեկան բռնությունը, այնքան կփոքրանա լրատվամիջոցների էջերում նման ողբերգական դեպքերի մասին կարդալու հավանականությունը։  

    Մենք՝ «Բռնությունը փոխարինենք սիրով» հանրային արշավի անդամներս, կոչ ենք անում ՀՀ կառավարությանն` արագացված կարգով քննարկել և ընդունել բոլոր այն որոշումներն ու ենթաօրենսդրական ակտերը, որոնց կիրարկման շնորհիվ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքը կսկսի գործել իր ողջ արդյունավետությամբ։

    Կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին ավելի խիստ վերահսկողություն սահմանել և աչալրջությամբ մոտենալ բռնության մասին ցանկացած ահազանգի։

    Կոչ ենք անում յուրաքանչյուր քաղաքացու՝ անտարբեր չմնալ աջակցության կարիք ունեցող ծանոթի կամ անծանոթի նկատմամբ, աջակից կանգնել նրան կյանքի ամեմաբարդ դրություններում։

    Մենք հայտնում ենք մեր լիակատար պատրաստակամությունն օրենքի կիրարկման ցանկացած փուլում մեր աջակցությունը տրամադրելու վերաբերյալ․ լինի դա սոցիալական աշխատողների կամ ոստիկանության ծառայողների վերապատրաստում, թե փորձագիտական գնահատում։

    Ձեռք ձեռքի տանք, որպեսզի մեր երեխաներն ընտանիքներում գտնեն միայն սեր և երջանկություն ու  երբեք բռնության ցանկացած, անգամ ամենափոքր դրսևորման ականատես չլինեն ։

     

    Կազմակերպությունների անուններ`

    Երեխաների պաշտպանության ցանց

    «Ընտանիք և հայանք» ՀԿ

    Հայաստանի մանուկներ հիմնադրամ

    Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ, հայաստանյան ներկայացուցչություն

    «ՍՈՍ» Մանկական Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամ

    «Վորլդ Վիժն Ինթերնեշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ

    Գործընկերություն և ուսուցում

    Մանկական Զարգացման Հիմանդրամ