ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

  • Հայտարարություն

    2019-05-19


    Երեխայի լավագույն շահի պահպանումը՝ լուսաբանման անկյունաքար
     
    Բռնությունը փոխարինենք սիրով հանրային արշավի անդամ կազմակերպությունները խստորեն դատապարտում են 13-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգության դեպքի վերաբերյալ այնպիսի լուսաբանումը, որտեղ անփութորեն բացահայտվում են երեխայի կյանքի վերաբերյալ խիստ անձնական մանրամասներ և որտեղ հնարավոր է հեշտությամբ նույնականացնել երեխային: 
    Վերջին ամիսներին հայկական լրատվական դաշտում հաճախացել են անչափահասների հանդեպ սեռական բռնության դեպքերը լուսաբանող հրապարակումներ, որոնցում տեղ են գտնում զոհի և նրա ընտանիքի ինքնությունը բացահայտող մանրամասներ։
     
    Բազմաթիվ լուսաբանումների հեղինակներ, լրատվամիջոցների խմբագրեր, ինչպես նաև այդ նյութերը սոցիալական ցանցերում տարածող օգտատերեր հաշվի չեն առնում այն լրացուցիչ հոգեբանական տրավման և հանրային պիտակավորումը, որոնց կարող է ենթարկվել բռնության ենթարկված անչափահասը՝ բռնության մանրամասների հանրայնացման արդյունքում։ 
    Բռնության զոհ անչափահասի ինքնության գաղտնիության ապահովումը պահանջում է համալիր ջանքեր։ Մասնավորապես միայն զոհի՝ գլխից ներքև կադրով տեսանկարահանումը չի հանգեցնում նրա ինքնության գաղտնիության պահպանմանը, եթե տեսանյութում նշվում է երեխայի բնակության վայրը: Զոհի ընտանիքի անդամից վերցված մեկնաբանությունը ևս պարունակում է երեխայի ինքնությունը գաղտնազերծող տեղեկատվություն և ամբողջությամբ հնարավորություն է տալիս նույնականացնել երեխային: 
     
    Հորդորում ենք՝ 
     
    • Լրատվամիջոցներին՝ նյութը շարադրելիս բացարձակ արժեք դիտարկել երեխայի լավագույն շահի ապահովումը և զերծ մնալ ցանկացած մանրամասնը հանրայնացնելուց, որ կարող է բացահայտել բռնության, հատկապես՝ սեռական բռնության ենթարկված անչափահասի ինքնությունը։
    • Սոցիալական ցանցերի օգտատերերին՝ ձեռնպահ մնալ անչափահասների հանդեպ բռնության դեպքերը լուսաբանող այնպիսի նյութերից, որ պարունակում են զոհի ինքնությունը բացահայտող տեղեկություններ․ Ձեր արդար վրդովմունքը ձեր կամքից անկախ կարող է լրացուցիչ տառապանք պատճառել բռնության ենթարկված երեխային ու նրա ընտանիքին։
    Լուսաբանման՝ երեխայի լավագույն շահի ապահովմանը միտված այս և այլ կանոնների լայնածավալ խախտման ականատես եղանք 13-ամյա աղջկա հանդեպ բռնությունը լուսաբանող տեսանյութում և հարակից հրապարակումներում, որ ներկայումս ակտիվորեն տարածվում են համացանցում։ Մենք միանում ենք այս առիթով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի, ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կոչին՝ տուժած երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին պաշտպանելուն ուղղված համապատասխան ջանքեր գործադրելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ պատրաստ ենք լրատվամիջոցներին տրամադրել համապարփակ խորհրդատվություն՝ անչափահասներին առնչվող լրատվական հրապարակումները երեխայի լավագույն շահից բխեցնելու վերաբերյալ։
     
    ***
     
    «Բռնությունը փոխարինենք սիրով» հանրային քարոզարշավի անդամ-կազմակերպություններ 
     
    «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչություն 
    ՍՕՍ մանկական գյուղեր-Հայաստան 
    Հայաստանի մանուկներ հիմնադրամ
    Քաղաքացիական հասարակության ինստիտուտ 
    Երեխաների պաշտպանության ցանց
    «Ընտանիք և համայնք» ՀԿ
    Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» 
    Մանկական զարգացման հիմնադրամ 
    «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամ 
    Հայկական Կարիտաս բարեգործական ՀԿ
    «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ
    Վորլդ Վիժն Հայաստան