ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

  • ՍԵՐ-ն է լուծումն ու ճանապարհը (հարցազրույց)

    2019-11-18


    Զրույց Ժիրայր Էդիլյանի հետ, ով «Բռնությունը փոխարինենք սիրով» հանրային արշավի մասնակից Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության տնօրենն է:

    ***

    Մեր տան սառնարանի դռան վրա մի մագնիս կա, որ չեմ էլ հիշում, թե որտեղից եմ բերել: Մագնիսի վրա գրված է՝ «LOVE IS THE ANSWER. WHAT’S THE QUESTION?» (սերը պատասխանն է. ո՞րն է հարցը), վերջերս պարզեցի, որ Ջոն Լենոնի խոսքերն են, որ վաղուց արդեն թևավոր են դարձել...

    Չնայած ծնողավարության վերաբերյալ գրվել են և գրվում են լուրջ մասնագիտական աշխատություններ, միևնույն է, ոչ ոք չի կարող սահմանել հստակ ուղեցույցներ ու ոսկե բանաձևեր՝ թե ինչպես պետք է «արդյունավետ», «լավ» ծնող լինել: Ի՞նչ  պետք է անի ծնողը, որ իր երեխայի շուրջ ապահովի «սիրով ու հոգատարությամբ լի»  միջավայր, ուր երեխան կարող է զարգացնել իր առավելագույն ներուժը, մեծանալ երջանկության ու զվարճանքի մթնոլորտում՝ առանց հիասթափության ու զայրույթի:

    Շուտով արդեն տասներկու տարի կլինի, ինչ երջանիկ հայր եմ: Այս տարիների ընթացքում որդուս՝ Հրանտի հետ շատ զվարճալի պահեր ենք ունեցել, երբ մեկս մյուսին երջանկացրել ու անմոռանալի ապրումներ ենք պարգևել: Սակայն, ինչպես և բոլոր ծնողների կյանքում, եղել են պահեր, երբ զայրացել եմ, պատժել որդուս (Հրանտի պատիժներ մասին ես ու կինս կարող էինք, թերևս, թե՛ գիտական աշխատություններ և թե՛ զվարճալի պատմվածքներ գրել): Եվ ամեն անգամ, երբ նոր ու ավելի բարդ իրավիճակում եմ հայտնվում որպես ծնող, և պետք է որոշում կայացնեմ, թե ի՞նչ անեմ և ինչպե՞ս վարվեմ, ինքս ինձ հիշեցնում եմ՝ ամեն ինչի պատասխանը ՍԵՐ-ն է:

    Վերջին տարիներին Հայաստանում շատ ենք խոսում երեխաների նկատմամբ ֆիզիկական պատիժը որպես դաստիարակության մեթոդ կիրառելու տարածված պրակտիկայի մասին: Ու հաճախ սրան զուգահեռ խոսում ենք այն մասին, որ ծնողներից շատերը (մոտ 65%-ը), որոնք ձեռք են բարձրացնում իրենց երեխայի վրա, խոստովանում են, որ այլ ազդեցիկ մեթոդ չեն կարող գտնել երեխային պատժելու համար, քան բռնանալն է՝ խոսքով կամ ֆիզիկապես: Ես կարծում եմ, որ սա մեր՝ ծնողներիս, մեծագույն խնդիրներից է՝ մենք, որպես ծնող, զինված չենք անհրաժեշտ գիտելիքներով՝ մեր երեխաներին առանց բռնության դաստիարակելու համար:

    Ինձ նաև շատ է անհանգստացնում այն, որ իրենց երեխաներին ծեծող շատ ծնողներ և մեր դպրոցներում աշխատող շատ մանկավարժներ հղում են կատարում Աստավածաշնչին՝ արդարացնելու ու հիմնավորելու դաստիարակության բռնի մեթոդները:   

     

    Աստվածաշունչը մեզ ծեծել չի՛ սովորեցնում

    Մի՛ օգտագործեք Աստվածաշունչը` որպես ծեծուջարդի արդարացում:

    Հին Կտակարանն ընթերցած մի խումբ մարդկանց շրջանում թյուր ընկալում կա, որ եթե ցանկանում ես բարեպաշտ երեխաներ դաստիարակել, ապա Աստված պատվիրել է երեխաներին ծեծել: Բայց արդյո՞ք  «մտրակ չխնայել»  նշանակում է, որ եթե երեխային չհարվածես, ապա չես կարող «վերահսկել» նրան ու  դաստիարակության մեջ բացթողումներ կունենաս: Ցավալին այն է, որ այսպես մտածող մարդիկ իրականում նվիրված ծնողներ են, ովքեր սիրում են Աստծուն և սիրում են իրենց երեխաներին, բայց սխալ են ընկալում մտրակի (կամ գավազանի) գաղափարը:

    Ահա սրանք են մտրակին վերաբերող Աստվածաշնչային այն հատվածները, որոնք նման թյուրընկալում են առաջացրել.

    «Ամտությունը բորբոքված է երեխայի սրտում: Գավազանն ու խրատը հեռու են նրանից»: (Առակ. 22:15)

    «Ով խնայում է իր գավազանը, ատում է իր որդուն. իսկ ով սիրում է իր որդուն, խնամքով է խրատում»: (Առակ. 13:24)

    «Քո խրատը մի՛ խնայիր երեխային, քանզի եթե գավազանով հարվածես նրան, չի մեռնի, նրան գավազանով կհարվածես, բայց նրա անձը կփրկես մահից»: (Առակ. 23.13-14)

    «Ծեծն ու կշտամբանքն իմաստություն են տալիս, մոլորված երեխան ամոթով է թողնելու իր ծնողներին»: (Առակ. 29:15)

    Առաջին հայացքից կարելի է կարծել, որ այս մեջբերումներում խրախուսվում է «մտրակ»-ը: Բայց, կարծում եմ, որ հարկավոր է այս հատվածներին այլ մեկնաբանություն տալ: Ահա, թե ես ինչպես եմ ընկալում Աստվածաշնչում այս հատվածները: «Մտրակ» և «գավազան» բառերը տարբեր իմաստներ ունեն Աստվածաշնչի տարբեր հատվածներում. հաճախ դրանք կիրառվում են որպես փայտ կամ ձող, որն օգտագործվում է քայլելու,  գրելու, պայքարելու, իշխելու ու նաև պատժելու  համար: Առավել հաճախ, սակայն, դրանք օգտագործվում են ճամփից շեղված ոչխարներին առաջնորդելու ու դեպի ճիշտ ճանապարհ ուղղորդելու համար: Հովիվները բնավ չեն օգտագործում մտրակները ոչխարներին ծեծելու համար:

     

    Իսկ մի՞թե երեխաներն ավելի արժեքավոր չեն, քան ոչխարները:

    Սաղմոս 23:4-ում գավազանն օգտագործվում է որպես «մոլորված ոչխարին ճիշտ ուղի վերադարձնելու» միջոց. «Եթե նույնիսկ թանձր խավարի հովտում քայլեմ, ոչ մի չար բանից ես չեմ վախենա, որովհետև դու, Տեր, ինձ հետ ես: Քո գավազանը և ցուպը մխիթարում են ինձ»:

    Ես ճանաչում եմ առ Աստված հավատով լի բազմաթիվ մարդկանց (այդ թվում նաև հոգևորականների), որոնք չեն առաջնորդվում «մտրակով դաստիարակելու» մոտեցմամբ, այլ առաջնորդվում եմ ՍԻՐՈՎ՝  որպես ամենակարևոր և գործուն միջոց ու մեթոդ:

    Հոգևորականներն այսօր առավել հաճախ «մտրակը» և «գավազանը» մեկնաբանում են որպես ծնողի պատասխանատվության ու հեղինակության սիմվոլ: Երբ Աստված խոսում է մեզ հետ գավազանի մասին, Նա, միգուցե, խոսում է մեր պատասխանատվությա՞ն, որպես ծնող մեր հեղինակությա՞ն մասին:

    Աստվածաշունչը Աստծո խոսքն է մեզ հետ: Ցավոք, պատմության ընթացքում Աստվածաշունչը բազմիցս օգտագործվել է՝ արդարացնելու ու հիմնավորելու այնպիսի արարքներ, որոնք այսօր արգահատելի են և հաճախ, նույնիսկ հանցագործություն են համարվում: Նույնկերպ, Հին Կտակարանի վերը բերված հատվածները օգտագործվել են՝ արդարացնելու ու հիմնավորելու ֆիզիկական բռնությունը, և ինչն ավելի ցավալի է՝ դրա կիրառումը անպաշտպան երեխաների նկատմամբ:

    Բայց նույն Աստվածաշունչը, հատկապես Նոր Կտակարանը, մեզ սովորեցնում են, որ երեխաներին պետք է հարգել, սիրել և հոգ տանել նրանց մասին:

    Նոր Կտակարանում Քրիստոսը վերափոխում է արդարության ավանդական ակն ընդ ական մոտեցումը՝ «մյուս այտի» գաղափարով: Քրիստոսը քարոզում է նրբանկատություն, սեր ու համերաշխություն, և նա երբեք չի խրախուսում «մտրակի մեթոդի» որևիցէ կիրառում:

    «Արդ, ինչպե՞ս եք ուզում, գավազանո՞վ գամ ձեզ մոտ, թե՞ սիրով և հեզության, արդարության ու խոնարհության հոգով»: (Ա Կոր 4:21)

    Պողոս Առաքյալը ուսուցանում է ծնողներին, թե ինչպես չխթանել երեխաների մեջ ագրեսիայի ձևավորումը (քանի որ ֆիզիկական բռնությունը ծնում է ագրեսիա).

    «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ նրանց մեծացրե՛ք Տիրոջ դաստիարակությամբ և կրթությամբ»: (Եփես 6:4)

    «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, որ չհուսալքվեն»: (Կող 3:21)

    Առաջարկում եմ մի պահ կանգ առնել ու մեկընդմիշտ ընդունել այն փաստը, որ Աստվածաշունչը մեզ կոչ չի անում հարվածել մեր երեխաներին՝ լավ ծնող համարվելու համար: Հանգի՛ստ թողեք «մտրակը»:

     Երեխաները չպե՛տք է բռնության ենթարկվեն, և վե՛րջ

    Ու չկա երեխաների հանդեպ բռնության և ոչ մի արդարացում՝ ո՛չ Աստվածաշնչում, ո՛չ որևէ լուրջ մասնագիտական գրականության մեջ և ո՛չ էլ մարդկային պատմության փորձն է որևէ կերպ արդարացնում երեխաների հանդեպ բռնության անհրաժեշտությունը:

    Ես հասկանում եմ, որ կան իրավիճակներ, երբ մարդու անցյալը, խառնվածքը, երեխայի հետ հարաբերությունների անկատարությունը, միգուցե, ստիպում են մարդուն մտածել, որ բռնությունը լավագույն լուծումն է երեխային ճիշտ դաստիարակելու համար:

    Հավատացեք ինձ՝ հնարավոր է ջանք ներդնել և մշակել, կատարելագործել ոչ բռնի ծնողավարման մեթոդներ: Քայլ առ քայլ մենք կարող ենք ստեղծել ներդաշնակ միջավայր մեր երեխաների կյանքում, երբ նրանք ծնողից չեն վախենում, այլ հարգում են ու վստահում՝ որպես լավագույն ընկերոջ: 

    Հ.Գ.

    Ես անվերջ սիրում եմ իմ որդուն և որպես ծնող համոզված եմ, որ ցանկացած բարդ իրավիճակում ՍԵՐ-ն է լուծումն ու ճանապարհը: