ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

  • Միրա Անտոնյան. ամենակարող ծնող ձևանալը բռնության թաքնված տեսակ է, որն անվերադարձ կերպով վնասում է երեխային

    2019-11-27


    Երբ ցուրտ ու մութ տարիներին Հայաստանում մարդիկ ժամերով հերթ էին կանգնում 300 գրամանոց կապտասև հաց գնելու համար,  Միրա Անտոնյանի տանը ապրում էր 14 երեխա: Դժվար ուղի, որը շատ բան սովորեցրեց և՛ փոքրերին, և՛ մեծերին: Փորձությունները, զրկանքները հաղթահարելու հետ միասին այս երեխաները սովորեցին` ինչպես հոգ տանել, պաշտպանել հարազատին ու պատասխանատու լինել: Այս և դրական ծնողավարության այլ թեմաներով զրուցեցինք տիկին Անտոնյանի հետ` փորձելով բացահայտել նրան բոլորովին այլ ու քչերիս ծանոթ դիտանկյունից:


    Միրա Անտոնյանը սոցիոլոգիական գիտությունների  թեկնածու է,  ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուկտետի դոցենտ,  երեխաների պաշտպանության միջազգային փորձագետ։ Նա դասախոսել է հայկական ու արտասահմանյան մի շարք բուհերում ու հեղինակել բազմաթիվ ուսումնական ձեռնարկներ , գիտական հոդվածներ ու աշխատություններ՝ սոցիալական աշխատանքի, հատկապես երեխաների պաշտպանության ոլորտում: Որպես սոցիալական պաշտպանության փորձագետ աշխատել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի  հայաստանյան  և Հայաստանից դուրս գործող ծրագրերում, Համաշխարհային բանկի, ՎՎ –ի  բազմաթիվ ծրագրերում։ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահն է, Հայաստանում երեխաների պաշտպանության ցանցի հիմնադիրներից, պրակտիկ գործունեությունը՝ Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնն է, որը ղեկավարում է 2005 թ-ից և որտեղ տարիներ շարունակ գործ ունի բռնության ենթարկված երեխաների դեպքերի հետ։

     

    Մայրություն, որը հաջողվեց վայելել միայն երրորդ երեխայի հետ...

    Ես սովորել եմ ինքս իմ սխալների վրա.  բավական վաղ տարիքում եմ ունեցել առաջնեկիս, և դա համընկել է սովորելուս տարիների հետ: Ես հասկանում էի, որ պետք է բավականաչափ ժամանակ տրամադրեմ փոքրիկիս, բայց չէի հասցնում ու տառապում էի այդ մտքից: Ես չեմ կարող ասել, որ ինձ հաջողվել է համատեղել մայրությունը, սովորելը և աշխատելը իր բոլոր չամիչ, բովանդակային կողմերով. ես այն  կարողացել եմ վայելել միայն երրորդ երեխայիս հետ, մինչդեռ առաջին երկուսի դեպքում դա եղել է վազք` սովորել, աշխատել, դասավանդել, հետազոտել, թեկնածուական   պաշտպանել... Մեղքի զգացմամբ ուղեկցվող, բավական դժվար ուղի է եղել:

     

    Եվ սկսվեց էքստրիմը...

    Միևնույն ժամանակ, այդ դժվար ընթացքը համընկավ այն տարիների հետ, երբ Հայաստանում լույս, ջուր չկար, ու գոյատևման հարց էր լուծվում: Եվ իմ երեխաները տեսան մամա ու պապա, որ պատրաստ են ամեն ինչ անել, որ իրենց սոված ու մրսած չթողնեն: Իրենց աչքի առաջ կենդանի մոդել էր այն մասին` ինչպես գոյատևել, մաքառել, չհանձնվել էքստրիմ պայմաններում:

    Հիշում եմ, որ հաճախ լույս չէր լինում, պետք էր լինում երեխաներին զբաղեցնել, իսկ այդ ժամանակ մեր տանը ապրում էր 14 երեխա: Ղարաբաղյան պատերազմն էր ընթանում, և քրոջս, եղբորս երեխաները մեզ հետ էին ապրում: Եվ ստիպված էինք 14 երեխայի տեղավորել մեր երեք սենյականոցում: Տեղ էլ չկար քնելու, բայց բոլորն էլ,  անկախ տարիքից,  հասկանում էին, որ այդ վիճակը ռումբի տակ ապրելուց  լավ էր: Երեք տարի ապրեցինք այդ պայմաններում: Այդ շրջանում նաև պատերազմում վիրավորված  եղբայրներս էին  հիվանդանոցում՝ նախ մեկը, ապա մյուսը... ու չեղած տեղից պետք էր նաև հաց սարքել ու հասցնել հիվանդանոց: Այլ կերպ հնարավոր չէր, մաքառել էր պետք...

     

    Զրկանքներն ու հոգսերը մոռացնել տվող հնարամտությունները...

    Մի կողմից զրկանքներով մանկություն էր, մյուս կողմից իրար օգնելու, փորձության մեջ յուրայինների մասին հոգալու մոդելի մեջ են մեծացել երեխաներս:

    Ամեն առավոտ 12 դպրոցական էր մեր տանից դուրս գալիս: Երբ երեկոյան լույս չէր լինում, երեխաներին զբաղեցնելու միակ ձևը լինում էր բանավոր խաղեր խաղալը, ոտքի վրա հեքիաթներ հորինելը, որոնց սկիզբն ու վերջը երբեմն անտրամաբանական էր լինում, մեծերը զարմացած հարցեր էին տալիս, իսկ այ փոքրերը հիանում էին, որ նոր ինչ-որ բան եղավ J

    Մեծ երեխաների մոտ մնացին անուրախ, բայց միաժամանակ ջերմ հիշողություններ. ես ավելի շատ կազմակերպիչ էի, քան մայրիկ: Ու հատուկ ուշադիր էի, որ սեր ցույց չտամ իմ երեք բալիկների նկատմամբ, քանի որ մյուսներն այդ շրջանում առանց մամա էին:

    Այդ դժվար շրջանում մեծերը սովորեցին հոգ տանել փոքրերի մասին, ինչպես նաև աշխատանքի հստակ բաժանում անել. ջուրը պետք էր կրել, այդքան երեխաների հագուստ պետք էր լվանալ, պետք էր սնունդի հոգսը հոգալ ու դա այն տարիներին, երբ մարդիկ ժամերով հերթ էին կանգնում, որ 300 գրամանոց կապտասև հաց գնեն:

     

    Միայնակ` 14 երեխաների հետ

    Որոշ ժամանակ անց ամուսինս մեկնեց արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանանք միջոցներ հայթայթել մեր մեծ ընտանիքը պահելու համար: Ու ես մնացի բոլորովին միայնակ... ես, որ տան փոքրն էի եղել ու ինձ բոլորը  պահել էին բռի մեջ` շատ սիրելով և  անհոգ, գրեթե  առանց  պարտականությունների՝ երես տալով: Այդքան երեխայի պատասխանատվությունը ինձ միանգամից մեծացրեց, հասունացրեց: Ամենադժվարը այդքան երեխային «ճիշտ» սիրելն էր: Այդ ժամանակվանից սկսեցի ընդվզել ինստիտուցիոնալ խնամքի դեմ, քանի որ հասկացա, որ չես կարող փոխարինել իրական ծնողին:

    Երբ պատերազմն արդեն ավարտվել էր, մահացավ մեր հարազատներից մեկը, որոնց 3 և 10 տարեկան երեխաները շարունակեցին ապրել մեզ հետ... Ծանր էր, շատ ծանր, բայց ինչ-որ պայծառ բան կար այդ ամենի մեջ՝ ապրեցնող, ուժեղացնող, պարտավորեցնող... Դժվարանում եմ անգամ այսքան տարի հետո նշել, թե ինչն էր, բայց մի աննկարագրելի ուժ անընդհատ մղում էր առաջ, չէր թողնում ընկճվել... Տարիներ անց եղբորս տղան, ով ամբողջ կյանքում բանակում է, ներկայումս` սպայական ծառայության մեջ, ինձ պատմում է, որ իր կյանքում կերած ամենահամով տորթը երեք սենյականոց մեր բնակարանի պատշգամբի մասում տեղադրված փայտե վառարանի (որում ինչ գտնում` վառում էինք...) վրա կիսաեփ ու կիսավառված շերտավոր տորթն էր, որի ոչ մի բաղադրիչ իրականում տեղում չէր, բայց բոլորը անհամբեր սպասում ու միմյանց մեջ հավասար մասերի բաժանելով` վայելում էին... Փոքրիկ մանկական ուրախություններ, որոնք իրականում կյանքի կարևոր դասեր էին՝ համախմբության, ունեցածով կիսվելու, ավելի փոքրերի հանդեպ ջերմություն չխնայելու, պարտավորություններ կրելու, դրանք մեծավարի տանելու մասին։ Հիշում եմ, երբ դպրոցից մի քանի երեխաներ բուլլինգ էին կազմակերպել իմ տանը ապրող մեծ երեխաների հանդեպ՝ իրենց բարբառի, ուղղամտության, «ոչ տեղական մշակույթով» պահվածքի համար, տան ամենափոքրն անգամ դուրս էր եկել պաշտպանելու նրանց։  Շատ հետաքրքիր ժամանակներ էին...

    Ինչ է դրական ծնողավարությունը

    Ինձ համար դրական ծնողավարությունը հավասարակշտություն պահելու մեջ էր... Օրինակ` մի օր ամուսիններով հանկարծ բացահայտեցինք, որ մեր սեփական երեխաները մեզանից մի բան խնդրելու համար մոտենում են մյուս երեխաներին, որպեսզի իրենց միջոցով փորձեն խնդրել մեզնից` «Դու ասա, որ պապան կամ մաման համաձայնվի...»: Էդ պահին հասկացա, որ սահմանը անցել եմ` փորձելով էնպես անել, որ առանց ծնողների մեզ հետ ապրող երեխաները ուշադրությունից դուրս չմնան... Երբ սեփական երեխադ քեզ հետ խոսում է արդեն միջնորդավորված, ապա դա մեծ ազդանշան է, որ չափն անցել ես: Դա էլ է բռնություն, հավատացեք, ինքնավստահություն չներշնչող ծնողական պահվածքը բռնության տեսակ է, հետևանքը՝ երեխայի կողմից սեփական ուժերի հանդեպ վստահության կորուստը... Դրական ծնողավարությունը երեխայի տոկունության, դիմակայունության բարձրացումն է, ոչ թե նրան անընդհատ պաշտպանելը կամ խնդիրներից հեռու պահելը։

    Սովոր պրակտիկայի ազդեցությունը

    Ծնողավարությունը կառուցվում է սոցիալական պրակտիկայի ու ինտուիցայի վրա, բայց դա պետք է փոխարինել գիտելիքով: Մեղավոր եմ ինձ զգում, որ հասարակությունն այն ժամանակ մամայից չէր պահանջում երեխային ժամանակ տրամադրել, այլ ճիշտ հակառակը` քո տունը մաքուր լինի, լվացքն էլ ըստ գույների ու չափսերի կախված... Շենքի բնակիչները վերահսկում էին, որ երեխայիդ շորերը մաքուր լինեն... Մոր մասին դատում էին զուտ երեխայի հագուստից ելնելով, ոչ թե նշում, որ սա այն կինն է, որ հեքիաթ է պատմում իր բալիկին: Այն ժամանակ ես մտահոգվում էի, որ հարևանը չմտնի իմ տուն, տեսնի` ինչ-որ բան մաքուր չէ կամ թափված է: Հիմա ազատագրվել եմ այդ գերությունից, բայց դա հասավ միայն թոռներիս։ Թոռներիս պարագայում` ինչ ուզում է թափված լինի: Երեխաներս էլ եթե   թոռներիս վրա բարկանում են, թե ինչու թափեց, կեղտոտացրեց, փչացրեց, ես ասում եմ` թողեք, թող փորձարկի...

    Բռնություն ու պատիժ

    Եթե նայենք իրատեսորեն, ապա չենք կարող շրջապատի բոլոր մարդկանց ճիշտ ուղու վրա դնել, որպեսզի կարողանանք բացառել բռնությունն ու այլ արատավոր երևույթներ: Պաշտպանված լինելու համար երեխաները պետք է իմանան իրենց իրավունքները, ու հենց փոքր տարիքից: 

    Ես պատժել եմ իմ երեխաներին` իրենցից նեղանալով, ցույց տալով հիասթափությունս, և կիսվեմ փորձովս` շատ ավելի արդյունավետ է, երբ ասում ես երեխային` հիասթափվել եմ ոչ թե քեզնից, այլ քո արածից: Վեճից, բարկությունից հետո օգնում է նստել խոսելը, քննարկելը` ինչ, ինչի համար: Ամենալավ ձևը բացատրելն է, երեխան տեսնում է, որ ինքը կարևոր է, ժամանակ ես գտնում իրեն հատկացնելու, զրուցելու համար:

    Իսկ ապտակը, ծեծելը հարցը չի լուծում, այլ մի վայրկյան կանգնեցնում է կադրը, բայց հետո կինոն շարունակվում է: Դու պետք է ցանկացած պարագայում երեխայի կողքին լինես, օգնես նրան, ոչ թե պայքարես նրա մեծանալու ընթացքում նորմալ վայրիվերումների դեմ. սխալվելը նրա մանուկ լինելու առավելությունն է, ուղղորդելը, բայց ոչ՝ հրամայելը կամ ստիպելը, աջակցելը, բայց ոչ խնամառելը,  նրա հետ միասին դիմակայելը ծնողի հնարավորությունն է, եթե կուզեք՝ առավելությունը...

    Այդ առավելությունը կյանքի փորձի առավելությունն է և ընդամենը. պետք չի դա փաթաթել ավելի քիչ փորձ ունեցողին` որպես կյանքի  միակ  բանաձև...Հավատացեք, երեխաները հաճախ ավելին գիտեն ու ավելի «այսօրվա» են, քան մեր երեկվա փորձը... երբեմն այն այլևս արդիական ու պահանջված չէ։

    Բռնության թաքնված ձևերը

    Երբ երեխայիդ համար մի բան ես գնում, թույլ տուր` նա տեսնի, որ դա ձեռք ես բերել որոշակի զոհողության գնով. երբ իննսունականներին մեկնեցի ԱՄՆ, տղաս խնդրել էր շատ մեքենաներով գիրք բերեմ իրեն, ու ես, օրապահիկներս չօգտագործելով, կարողացա գնել իր երազած գիրքը: Մինչև հիմա տղաս քնքշությամբ է հիշում իր այդ նվերը ու շեշտում է, որ մաման իր օրապահիկները չօգտագործելու շնորհիվ է կարողացել գնել դա:

    Երբ երեխային ասում ենք` դու գործ չունես, ես կառնեմ այն ամենը, ինչ դու ուզում ես, առանց տան ծախսերին, բյուջեին հաղորդակից դարձնելու, մենք մեծացնում ենք ապագա ... ինչ-որ գոյացություն..., ով երբեք չի բավարարվելու ստացածով: Պետք չէ ամենակարող ձևանալ երեխայի աչքին: Սա բռնության նման վնաս է հասցնում: Դրական ծնողավարությունը, իմ պատկերացմամբ, ոչ միայն չխփելն է, չվնասելը, հուզական բռնության չենթարկելը, այլև բյուջեին մոտ պահելը, սոցիալապես կոմպետենտ մարդ մեծացնելը: Պետք չէ երեխային հեռու պահել հոգսերից, այլապես վաղը չէ մյուս օրը նա ձեր ունեցվածքը ցրիվ կտա խաղատանը:

     

    Ինչպես կանխել բռնությունը

    Ղարաբաղում մի հայտնի ասացվածք կա. լավ սկեսուր են նրանք , ովքեր չեն մոռացել իրենց սեփական հարսնությունը։ Վերափոխելով այն, կարծում եմ, ճիշտ է նաև այն միտքը, որ միայն այն ծնողներն են լավ ծնողներ, ովքեր հիշում են իրենց սեփական մանկությունը և ովքեր չեն սրբագրում իրենց անցած մանկությունը՝ ընդհանրացնելով՝ «ես երբեք նման բան չեմ արել», «ինձ թույլ չեմ տվել, ես էլ եմ երեխա եղել, միշտ լսել եմ»... ու նման անիրատեսական բաներ։

    Փոխարենը արժե հաճախ պատմել սեփական երեխաներին մանկության քաջագործությունների, համարձակ նախաձեռնությունների, չլսելու ու դրա դրական ու ոչ այնքան դրական հետևանքների, բաց թողած դասերի,  կրած պատիժների (իսկ դրա մասին անհնար է խոսել առանց հոգոցի ու թախծի, ցավի...) ։ Սա օգնում է քեզ՝ որպես ծնողի, չկրկնել այն, ինչից ինքդ ես ցավ զգացել ու խրախուսել երեխաների մոտ նախաձեռնողականությունը։ Սա ինքնաբուժում է, եթե կուզեք, բռնության գործադրման կանխարգելում՝ յուրահատուկ մեթոդով։