ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

Բռնություն. սկսենք կանխարգելելուց


Դպրոցում տիրող միջավայրը չափազանց կարևոր է բոլոր աշակերտների համար, և այն մեծ ազդեցություն է թողնում նրանց հետագա կյանքի վրա: Ուսումնասիրությունները փաստում են, որ դպրոցում առկա բռնությունը՝ ծեծկռտուքները, բուլինգը, լեզվակռիվը, պիտակավորումը և նման այլ երևույթները, բացասական ազդեցություն են թողնում բոլոր երեխաների վրա՝ թե՛ բռնության ենթարկվողի ու թե՛ բռնություն գործադրողի վրա:

Ձեր երեխան անվտանգ, բարենպաստ, իր արժանապատվությունը հարգող դպրոցական միջավայրի իրավունք ունի: Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան սահմանում է, որ բոլոր երեխաները կրթության, ինչպես նաև բոլոր տեսակի ֆիզիկական կամ մտավոր բռնությունից, վնասվելուց կամ չարաշահումից պաշտպանված լինելու իրավունք ունեն:

 

Ի՞նչ է բռնությունը

Բռնություն կա, եթե կա դիտավորություն, կրկնություն և ուժի գործադրում: Բռնարարը նա է, ով մտադրված է ցավ պատճառում: Որոշիչ գործոն է բռնության կրկնվող բնույթ ունենալը: Ի դեպ, ավելի հավանական է, որ տղաները ֆիզիկական բռնության ենթարկվեն, իսկ աղջիկները՝ հոգեբանական բռնության:

Բռնությունը վարքագիծ է, այլ ոչ թե առանձին մի դեպք: Բռնարար վարք ցուցաբերող երեխաները սովորաբար ավելի բարձր սոցիալական կարգավիճակի ներկայացուցիչ են կամ ուժային դիրք ունեն, օրինակ՝ ավելի մեծ, ուժեղ կամ ճանաչված են համարվում:

Բռնությունը կարող է տեղի ունենալ ինչպես իրական կյանքում, այնպես էլ՝ առցանց: Կիբեր-բռնությունը հաճախ տեղի է ունենում սոցիալական ցանցերի, SMS-ների կամ ակնթարթային հաղորդագրությունների, էլ. փոստի կամ ցանկացած այլ առցանց հարթակների միջոցով:

 

Ինչու՞ է պետք միջամտել, եթե ձեր երեխան բռնության է ենթարկվում

Բռնությունը կարող է վնասակար և երկարատև հետևանքներ ունենալ երեխաների կյանքում: Բացի բռնության ֆիզիկական հետևանքներից՝ երեխաների մոտ կարող է առաջանալ հուզական և հոգեկան առողջության խնդիրներ, այդ թվում նաև դեպրեսիաներ ու անհանգստություն, ինչը կարող է հանգեցնել ոգելից խմիչքների և/կամ թմրանյութերի չարաշահման և առաջադիմության անկման:

 

Որոշ երեխաներ իրենց մտահոգությունները բանավոր չեն արտահայտում։ Փնտրե՛ք հետևյալ նշանները.

  • Ֆիզիկական նշաններ, օրինակ. անբացատրելի կապտուկներ, քերծվածքներ, կոտրված ոսկորներ, կամ լավացող վերքեր:
  • Դպրոց գնալու կամ դպրոցական միջոցառումներին մասնակցելու վախ:
  • Անհանգիստ, նյարդայնացած կամ չափազանց լարված լինելը:
  • Դպրոցում կամ դպրոցից դուրս քիչ ընկերներ ունենալը:
  • Հանկարծակի ընկերներ կորցնելը կամ սոցիալական իրավիճակներից խուսափելը:
  • Հագուստի, էլեկտրոնային կամ այլ անձնական իրերի կորուստը կամ ոչնչացումը:
  • Հաճախակի գումար խնդրելը:
  • Ցածր առաջադիմությունը:
  • Բացակայությունները կամ դասի ժամին դպրոցից տուն գալու խնդրանքները
  • Մեծերի կողքին գտնվելու փորձերը:
  • Վատ քնելը կամ մղձավանջները:
  • Գլխացավի, փորացավի կամ այլ ֆիզիկական ցավերի/հիվանդությունների գանգատները:
  • Պարբերաբար առցանց կամ հեռախոսով ժամանակ անցկացնելուց հետո նեղվածությունը (առանց ողջամիտ բացատրության):
  • Անսովոր գաղտնապահությունը, մանավանդ՝ համացանցում գործողությունների վերաբերյալ:
  • Ագրեսիվ լինելը կամ զայրույթի պոռթկումներ ունենալը:

 

Ձեր երեխային անվտանգ պահելու առաջին քայլը թե՛ առօրյա կյանքում և թե՛ առցանց, համոզվելն է, որ նա գիտի՝ ինչ է բռնությունը:

 

  1. Հաճախ և ազատ խոսե՛ք ձեր երեխաների հետ: Ամեն օր խոսե՛ք ձեր երեխաների հետ և հարցրե՛ք դպրոցում իրենց անցկացրած ժամանակի մասին՝ հետաքրքրվելով ոչ միայն դասերով և կոնկրետ գործողություններով, այլև նրանց զգացմունքներով: Խոսե՛ք ձեր երեխաների հետ այն մասին, թե որն է իրենց կարծիքով դպրոցում, փողոցում, բակում և առցանց լավ ու վատ վարքը: Անկաշկանդ հաղորդակցություն ունենալը կարևոր է, որպեսզի ձեր երեխաները իրենց հանգիստ զգան իրենց կյանքի մասին ձեզ պատմելուց:
  2. Բարություն ու կարեկցանք սերմանե՛ք ձեր երեխայի մեջ: Գոյություն ունի բռնության երեք կողմ՝ տուժող, բռնարար և վկա: Նույնիսկ եթե երեխաները բռնության զոհ չեն հանդիսանում, նրանք կարող են օգնել կանխել այն՝ իրենց հասակակիցների նկատմամբ հարգալից և բարի լինելով: Կամ եթե նրանք ականատես են լինում բռնությանը, ապա կարող են պաշտպանել տուժածին, առաջարկել աջակցություն և (կամ) հարցականի տակ դնել բռնարար վարքագիծը:
  3. Օրինակ ծառայե՛ք: Երեխաները իրենց ծնողներից են օրինակ վերցնում, ուշադիր եղե՛ք ու հետևե՛ք՝ ինչպես եք վերաբերվում այլ մարդկանց և ինչպես եք ձեզ պաշտպանում համացանցում:
  4. Հետևե՛ք ձեր երեխայի առցանց ակտիվությանը: Ծանոթացե՛ք ձեր երեխայի կողմից օգտագործվող պլատֆորմներին, բացատրե՛ք նրան, թե ինչպես են փոխկապակցված առցանց և անցանց աշխարհները, և զգուշացրե՛ք նրան այն տարբեր ռիսկերի մասին, որոնց հետ կարող է բախվել համացանցում:
  5. Համոզվե՛ք, որ ձեր երեխան գիտի՝ ինչ է բռնությունը և ինչը բռնություն չէ: Եթե երեխաները իմանան, թե ինչ է բռնությունը, կկարողանան ավելի հեշտությամբ նկատել այն՝ անկախ նրանից, դա պատահել է իրենց, թե մեկ ուրիշի հետ:

 




Շարունակությունը տեսնել ստորեվ