ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

Ինչ անել, եթե ձեր երեխայի դպրոցում բռնություն կա


 

Դպրոցի ղեկավարությունը և ուսուցիչները կարևոր դաշնակիցներ են՝ բռնությունը կանխելու և այդ խնդիրը լուծելու համար: Բռնությունը հաճախ տեղի է ունենում դպրոցի դասասենյակներում և միջանցքներում, որտեղ ուսուցիչներն ու ադմինիստրատիվ աշխատողները կարող են միջամտել: Բայց դասարանը ավելի իդեալական միջավայր է` երեխաներին բռնության և դրա վնասակար հետևանքների մասին կրթելու, ինչպես նաև երեխաների մոտ հարգանքի և հանդուրժողական մշակույթ ձևավորելու համար: Ահա, թե ինչպես կարող եք համագործակցել ձեր երեխայի դպրոցի հետ` բռնությանը վերջ դնելու համար:

 

Ճանաչե՛ք ձեր իրավունքները

Այս իրավունքները հստակ ձևակերպված են ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայում: Կոնվենցիան կոչ է անում հարգել երեխաների արժանապատվությունը և դպրոցական կյանքին մասնակցելու նրանց իրավունքը: Այն նաև կոչ է անում ձեռնարկել միջոցներ՝ երեխաներին պաշտպանելու ֆիզիկական, սեռական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից: Դպրոցներն ու ուսուցիչները կարևոր դերակատարություն ունեն երեխաների պաշտպանության գործում:

 

Սկսենք կանխարգելելուց

Բռնությունների կանխարգելմանը նվիրված բաց դասերը, ծնողական ժողովները կարողացել են արդյունավետորեն նվազեցնել դպրոցում առկա բռնությունը: Ահա, թե ինչ կարող եք անել բռնությունը կանխելու համար:

 

  1. Բռնության թեմայով բաց դասեր կազմակերպե՛ք: Խոսե՛ք դասարանի դասղեկի հետ ու առաջարկե՛ք այդ թեմայով բաց դասեր կազմակերպել կամ օգտագործել դասղեկական ժամը և պարբերաբար խոսել երեխաների հետ բռնության մասին, ներկայացնել նրանց՝ ինչ է բռնությունը, ինչպես այն կարող է ազդել երեխաների վրա ու ինչպես արձագանքել, երբ նման իրավիճակում են հայտնվում:
  2. Չմոռանա՛ք թվային գրագիտության մասին: Թվային այս աշխարհում երեխաները պետք է համացանցից օգտվելիս ու սոցիալական մեդիաներում գրանցվելուց առաջ իմանան անվտանգության հիմնական կանոնները: Որոշ գիտելիքներ նրանք կարող են ձեռք բերել այստեղից:
  3. Նույնակարծիք ծնողներ գտե՛ք: Ծնողական ժողովների կամ արտադասարանական միջոցառումների ժամանակ խոսեք երեխաների միջև բռնությունից զերծ ընկերական հարաբերություններ ստեղծելու մասին նաև այլ ծնողների հետ: Այսպես կգտնեք նույնակարծիք ծնողներ, որոնց հետ միասին բռնությունը կանխելու ձեր աշխատանքն ավելի դյուրին ու նպատակային կլինի:

Ի՞նչ անել, եթե ձեր երեխան դպրոցում բռնության է ենթարկվում կամ գործադրում

  1. Ուսումնասիրե՛ք իրավիճակը: Ճշտե՛ք՝ արդյոք դպրոցում գոյություն ունի բռնությանն արձագանքման մշակված մեխանիզմ կամ քաղաքականություն։
  2. Համագործակցե՛ք դպրոցի հետ և աջակցե՛ք ձեր երեխային ու դպրոցին: Եթե բռնարար վարքագիծ ցուցաբերող երեխան պատասխանատվություն չի կրում իր գործողությունների համար, նա կարող է մտածել, որ նման գործողությունները հետագայում էլ որևէ հետևանք չեն ունենա:
  3. Քննարկե՛ք դպրոցի հետ ձեր երեխայի համար համապատասխան հետևանքները, որոնք համաչափ կլինեն կատարված զանցանքին: Դրանք միշտ պետք է լինեն անհապաղ, ոչ բռնի և միտված լինեն վարքի ուղղման և վերականգնման վրա, այլ ոչ թե նվաստացման կամ պատժելու վրա:
  4. Խոսե՛ք դպրոցի հոգեբանի հետ: Եթե երեխայի դպրոցում կա հոգեբան, ապա հանդիպեք նրան՝ քննարկելու ձեր երեխայի պահվածքը: Երեխայի և դպրոցի հոգեբանի անհատական հանդիպումները նույնպես կարող են օգտակար լինել:

 




Շարունակությունը տեսնել ստորեվ